Ինքնաղեկավարվող մեքենաները իրականություն կդառնան մոտ երեք տարի հետո
Google-ի «խելացի» ամտոմեքենաները, որոնք կարող են ինքնուրույն շարժվել ճանապարհով՝ առանց վարորդի մասնակցության, վաճառքում կարող են հայտնվել արդեն 3-5 տարի անց: Այս մասին հայտնել է նախագծի ղեկավար Էնթոնի Լևանդովսկին Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Չեմ կարող խոստանալ, որ «Google ավտոմեքենան» կհայտնվի ձեր ավտոտնակում հաջորդ տարի: Մենք նախատեսում ենք թողարկել այդ տեխնոլոգիան առաջիկա հինգ տարվա ընթացում: Թե ինչպիսի ձև այն կունենա, դեռևս պետք է որոշել»,- նշել է նա:
Է. Լևանդովսկու կանխատեսումը շատերը չափազանց լավատես են համարում: Ինչպես գրում է Extreme Tech-ը, Google-ի մեքենաները հանրային ճանապարհներին պետք է սպասել ոչ շուտ, քան 2020թ.-ին: Որոշ մասնագետների կարծիքով՝ 3-5 տարի հետո Google-ը կկարողանա ապահովել տեխնոլոգիաները, ինչը չի նշանակում, որ այն պատրաստ կլինի արտադրության: Խոշոր ավտոարտադրողներից, այնպիսին, ինչպիսիք են` Ford-ը, Toyota-ն և Audi-ն, բոլորովին նոր մոդելի ստեղծումը պահանջում է 3-7 տարի:
Բացի այդ, ժամանակ կպահանջի հասկանալու համար՝ արդյո՞ք ինքնաղեկավարվող մեքենաներն ամբողջովին անվտանգ են մարդկանց կյանքի համար:
Google-ը փորձարկում է ինքնաղեկավարվող ավտոմեքենաները վերջին մի քանի տարիների ընթացքում: Նման մեքենաներում օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ, Google Street View-ի օնլայն քարտեզների տվյալները, տեսախցիկներ և մի շարք տվիչներ (դատչիկներ): Google-ի թեստավորման համար օգտագործվում են Toyota Prius և Audi TT մոդելները, որոնք վարել են 250 հազ. մղոն՝ մարդու սահմանափակ միջամտությամբ, և 1600 մղոն՝ առանց մարդու միջամտության:
Նշենք, որ 2011թ.-ին Google ընկերությունը «խելացի» ամտոմեքենաների արտոնագիր է ստացել: