Հրանտ Բագրատյանը շատ ավելի լավ նախագահ կլիներ, քան Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը. ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյան

«Ես շատ բարձր եմ գնահատում Հրանտ Բագրատյանի դերը` նրա վարչապետության տարիներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի վարչության նախկին պետ, ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը, ով 1993-95թթ. աշխատել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարության մեջ` որպես Քաղավիացիայի վարչությունում կառավարության ներկայացուցիչ:

«Ինքն իրոք այն փորձն ունի, որ շատ ավելի լավ նախագահ կլիներ, քան Սերժ Սարգսյանը, և շատ ավելի լավը կլիներ, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Նա բացատրեց, թե ինչու է այդպես կարծում. «Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ազնիվ տղա է, բայց ինքը մի տեսակ մանկամիտ է, ես մի քիչ տարիքով մեծ եմ և կարող եմ այդ բանն ասել, քանի որ մենք շատ մտերիմ ենք իրար հետ: Բայց Հրանտ Բագրատյանը քաղաքականապես շատ ավելի հասուն է, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»: Շ. Պետրոսյանը, սակայն, նաև նշեց, որ, այնուամենայնիվ, ինչպես ինքն է տեսնում տարբեր հարցումների արդյունքներից, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է ստանում, քան Բագրատյանը, իսկ դա Շահեն Պետրոսյանը բացատրում է այն հանգամանքով, որ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը «սիրված տղա է»:

«Իսկ Հրանտը չի կարողանում մարդկանց հետ խոսել, այսինքն՝ իր խոսքը հասցնելու այդ կուլտուրան չունի: Օրինակ` խոսքը հասցնելու ամենաբարձր կուլտուրան ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, այստեղ կասկած չկա: Որպես հռետոր` ամենալավը Լևոնն է, բայց որպես գործունյա անձնավորություն` Հրանտը, եթե ինքը մի նպատակ է դնում,  իրականացնում է այն»: Այս համատեքստում Շ.Պետրոսյանը հիշեց 1996 թ. ատոմակայանի բացման ժամանակահատվածը, որն, ըստ նրա, աշխարհում եզակի դեպքերից մեկն էր և իրականացավ ուղղակիորեն Հրանտ Բագրատյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման շնորհիվ:

Խոսելով Հ. Բագրատյանի նախընտրական ծրագրի մասին` Շ. Պետրոսյանն ասաց, որ մանրակրկիտ կերպով չի ընթերցել նրա տնտեսական ծրագրերը, բայց նշեց, որ ծրագիրն ընդհանրապես քայլ առ քայլ իրականացվելու ժամանակ է երևում` լա՞վն է, թե՞ վատը: «Խնդիրն իրականացնելու նկատմամբ վստահության մեջ է: Ես ավելի շատ վստահում եմ Հրանտ Բագրատյանին, որովհետև ինքն այդ փորձն ունի արդեն, նա արդեն ցույց է տվել, որ կարող է իր ծրագրերն իրականացնել: Րաֆֆի Հովհաննիսյանին ես կասկածում եմ, թե նա կարող է ծրագիր իրականացնել: Օրինակ` ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ եմ վստահում և այսօր էլ հավատում եմ, որ նա կարող է ծրագիր իրականացնել մինչև վերջ: Սերժ Սարգսյանը չի կարող ծրագիր իրականացնել, նա կարող է ասել ամենալավ խոսքերը, որոնք ուղղակի կենացների են նման»,- ասաց նա: Իսկ թեկնածուներից որևէ մեկին աջակցելու մասին Շահեն Պետրոսյանը նշեց, որ ինքն ընդհանրապես կողմ է եղել  բոյկոտով իշխանությունների դեմ պայքարելուն: Այս առումով` նա առանձնացրեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանին, ով, ըստ նրա, միակն է, որ պայքարում է ընտրացուցակներն ուղղելու և արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների անունները հրապարակելու համար: «Բայց ավելի շատ հակված եմ ընտրելու Հրանտին` միայն նրա համար, որ նա մի քիչ ավելի շատ ձայն ունենա»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Թե ի՞նչ են կարծում 1993-96թթ. Բագրատյանի կաբինետի մյուս անդամները նախկին վարչապետ, իսկ այժմ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի և նրա թեկնածության առաջադրման մասին, կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս