Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը բացառում է ընտրողների կաշառումը»
Կրակել են ոչ թե իմ, այլ` ազգային ինքնորոշման վրա, նախագահի բոլոր թեկնածուները պետք է հանեին իրենց թեկնածությունն իմ օգտին: News.am կայքի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Ինչ-որ մեկը ժպտում է, ինչ-որ մեկը` բարևում, ինչ-որ մեկը ծրագրեր է ներկայացնում: Դա իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը մարդկային, ազգային, արժանապատիվ ինքնագիտակցությունն է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը քիչ էին հավատում իրենց հաղթանակին առաջին փուլում, ապա մենք միասին կկարողանայինք հաղթել 5 օր հետո և իրականացնել արմատական բարեփոխումներ»,-ասել է Հայրիկյանը:
Նա նաև նշել է, որ երեք օր առաջ իրեն է այցելել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես հարցրեցի նրան ընտրողներին կաշառելու մասին և ստացա հստակ պատասխան` ընտրակաշառքը բացառվում է»,-ընդգծել է ԱԻՄ նախագահը, հավելելով, որ հանդիպել է նաև եվրոպացի դեսպանների հետ:
Այդ հանդիպումների ընթացքում նա ասել է մեկ բան. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակներին, պետք է ունենան այդ հնարավորությունը, իսկ օրենքը նման իրավունք չի տալիս»: