Կրոնական համոզմունքները՝ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառ. հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Էդմոնդ Փ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012թ. գարնանային զորակոչից՝ չունենալով ազատվելու օրինական հիմքեր։
Մեղադրյալի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի՝
1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, 2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ iravaban.net