Անդրիաս Ղուկասյանի մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով՝ այսօր կրկին այցելել է նրան: Նախարարը տեղեկացրեց, որ հացադուլի այս փուլում յուրանքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել` անցանկալի, ծանր հետևանքներով։

Նախագահի թեկնածուին այցելելուց հետո նախարար Դումանյանի մոտ կայացել է խորհրդակցություն` առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները՝ մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Դերենիկ Դումանյանը որոշել է Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռենիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս