«Հանրապետականը եկել մեզ բա՞ն է սովորեցնում». Երիտասարդները` ԵՊՀ դասախոսին (տեսանյութ)
«Շարժիչ ուժը երիտասարդությունն է» նախաձեռնության անդամներն այսօր շրջում էին շրջում էին Երևանի բուհերով, թռուցիկներ բաժանում: Քիչ առաջ ակցիայի անդամները`«Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը», «Ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ՝ մենք» կոչերով շրջում էին Երևանի պետական համալսարանի ֆակուլտետների մասնաշենքերով:
168.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ անդամներից մեկը` Կարեն Հարությունյանը, խոսելով նախաձեռնության նպատակների մասին, ասաց, որ մայրաքաղաքի բոլոր բուհերը, գտնվելով ռեժիմի վերահսկողության տակ, երիտասարդներին չեն թողնում ազատ մտածել ու ստեղծագործել: Ըստ նրա ` ուսանողությունն է օրակարգ ձևավորողը, այնինչ ՀՀ-ում երիտասարդները կուսակցականացված են ու կաշկանդված. «Բուհերի ուսխորհրդի նախագահներն ու հիմնական անդամները Հանրապետական կուսակցությունից են, խորհրդի նախագահները պետական այրեր են: Բոլորն էլ գիտեն, որ մի տեղ վարչապետն է խորհրդի նախագահ, մի տեղ՝ ԱԺ նախագահը, և այլն: Մենք կոչ ենք անում երիտասարդներին՝ դուրս գալ երկարամյա քնից ու ձևավորել քաղաքացիական դիրքորոշում»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Ակցիայի ընթացքում երիտասարդներին մոտեցավ համալսարանական դասախոսներից մեկը` Գևորգ Մելքոնյանը (նաև ռեկտորի օգնականն է), ով հավանության չարժանացրեց երիտասարդների նախաձեռնությունը` նկատելով, որ նախագահական ընտրությունների շրջանում նման ակցիաները, ընդհակառակը, մեծացնում են ուսանողների քաղաքականացվելու վտանգն ու «կրակի վրա յուղ են լցնում»:
«Չեմ կարծում, թե համալսարանը կուսակցականացված է: Լավ կլինի նման ակցիաներն անել բուհերի տարածքներից դուրս, որովհետև հիմա դուք կրակի վրա յուղ եք լցնում: Մեր ուսանողների 99 տոկոսն անկուսակցական է: Ընտրությունների շրջանում նման ակցիաներն ավելի են քաղաքականացնում բուհերը»,- ասաց դասախոսը, ով խոստովանեց, որ ինքը ևս Հանրապետական կուսակցության անդամ է, բայց կուսակցական աշխատանքները կատարում է բուհի պատերից դուրս:
Երիտասարդները հակադարձեցին Գևորգ Մելքոնյանին, թե` «Հանրապետականը եկել մեզ բան է սովորեցնում»:
Ակցիան մեկնարկել է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից, շարունակվել՝ դեպի Տնտեսական համալսարան, այնուհետև` Երևանի պետական բժշկական համալսարան, և ավարտվել ԵՊՀ-ի Աբովյան փողոցում գտնվող, ժողովրդի մեջ ավելի հայտնի` Սև շենքի դիմաց:
Ի դեպ, նշենք, որ երիտասարդական այս նախաձեռնության անդամներն արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ «շինծու ընտրություններին» վերջ դնելու պահանջով: Երիտասարդները նման ակցիաներ էին կազմակերպել ԿԸՀ-ի առջև, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի առջև, ինչպես նաև՝ «Վերջ ռեժիմին» և «Վերջ ընտրախախտումներին, կեղծ ընտրություններին» կարգախոսներով օրեր առաջ այցելել էին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով ևս, ինչպես հայտնի է, հացադուլի միջոցով պայքարում է կեղծ ընտրությունների անցկացման դեմ: Այդ է պատճառը, որ շատերն այս նախաձեռնությունները միանշանակ կապում են նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ակցաները կազմակերպող թիմի հետ, ովքեր համացանցում նաև տարածում են ակցիայի մասին տեղեկատվությունը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: