
ՊՍԺ-ն Մեստալիայում հաղթում է Վալենսիային. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Վալենսիա» – ՊՍԺ առաջին խաղում ֆրանսիական ակումբը «Մեստալիա» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ և զգալիորեն հեշտացրեց քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը:
Կարլո Անչելոտիի սաները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 10-րդ րոպեին Լավեսին առաջ մղեց հյուրերին: 42-րդ րոպեին Պաստորեն կրկնապատկեց հաշիվը:
Ընդմիջումից հետո նույնպես ՊՍԺ-ն շատ ավելի վտանգավոր էր գրոհում: Ուշադրության կենտրոնում անընդհատ փարիզյան ակումբի առաջատար Զլատան Իբրահիմովիչն էր, սակայն շվեդ հարձակվողը մի քանի անգամ մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի առջև չկարողացավ գոլի հեղինակ դառանալ: Ի վերջո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը և «Վալենսիան» 89-Րդ րոպեին Ռամիի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Զլատան Իբրահիմովիչը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Այդուհանդերձ, առաջին հանդիպումից հետո այս զույգի բացահայտ ֆավորիտը ՊՍԺ-ն է. պատասխան խաղը կկայանա Փարիզում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը