
Մերկասառույցի պատճառով ձորն ընկած ավտոմեքենան փրկարարները դուրս բերեցին (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղու կամրջից դեպի Մասիս տանող ճանապարհին ՎԱԶ 21-01 մակնիշի (ջորի)՝ 31 ՏՏ 385 համարանիշի ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակի ձորակում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները հատուկ ճոպանի օգնությամբ ավտոմեքենան ձորակից անվտանգությամբ դուրս բերեցին:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մինչ փրկարարների ժամանումը, վարորդն ու ուղևորներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են եկել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի