Թեկնածուն՝ թեկնածուի մասին. «Եթե մարդու «այո»-ն և «ոչ»-ն իրարից հստակ չի տարանջատվում, ես շարունակում եմ մտածել, որ իմ մեքենան իրենից թանկ է»

Էպոսագետը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր սեփական ավտոմեքենան Պարույր Հայրիկյանից թանկ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն անդրադարձել էր Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրեն, որպես Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպիչ՝ նախագահական ընտրություններից հետո ձերբակալելու են: «Մի անգամ լսեցի, որ Սեդրակյանն ասում է, թե իմ ամենաէժան մեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ է: Ես այդ մարդու հետ երբեք չեմ առնչվել, բայց եթե նա ընդունակ է իմ մեքենան իր մեքենայի հետ համեմատել, ես չեմ ուզենա տարօրինակություններ տեսնել, բայց դա տարօրինակ է: Ես ուրախ եմ, որ իր մեքենան իր մեքենայից լավն է, բայց եթե ասել է, որ գինն ավելի է, քան իմ մեքենայինը, դա արդեն տարօրինակ է: Չարժի դրա մասին խոսել»,- ասել էր Պ. Հայրիկյանը:

Ի պատասխան Պ. Հայրիկյանի վերոնշյալ հայտարարության՝ Վարդան Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իր մտքերը զբաղված են, հասկանո՞ւմ եք… Ռուսական իմպերիալիզմը որ սկսում է ճնշել, մարդ բանականությունը կորցնում է: Խա՞ղ եք անում, ռուսական հսկա տարածություններն էդ մարդու դեմ են: Ձեզ ի՞նչ կա: 140 մլն մարդ ընկել է Հայրիկյանի հետևից: Իհարկե: Ինքը իր պահվածքով դա ցույց տվեց»:

Էպոսագետը նշեց նաև, որ ինքը շարունակում է մնալ նույն կարծիքին և նույնիսկ ավելի վստահ է իր նախկին հայտարարության մեջ: «Ես այն մարդը չեմ, որ հրաժարվեմ իմ հայտարարություններից: Ինքն իր պահվածքով իմ ասածները ցույց տվեց: Եվ հիմա միայն ես չեմ այդպես մտածում: Տղամարդը կնոջից, ի վերջո, էլ ինչո՞վ է տարբերվում, բացի սեռական օրգանների՞ց, ասե՞մ: Տղամարդը նա է, ում խոսքը քարի պես ամուր է: Ոչ թե՝ այսօր այսպես կասեմ, վաղը՝ այնպես: Եթե մարդու «այո»-ն և «ոչ»-ն իրարից հստակ չի տարանջատվում, ես շարունակում եմ մտածել, որ իմ մեքենան իրենից թանկ է»:

Տեսանյութեր

Լրահոս