Վլադիմիր Գասպարյան. Չտա Աստված, որ արկածախնդիրները որոշեն էս կամ էն թեկնածուի օգտին անօրինական գործողություններ անեն (տեսանյութ)

Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն և օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար:

Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգեց շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսևորի գործառույթների իրականացման համար:

Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս