Կիսամերկ ֆեմինիստուհիները ներխուժել են Փարիզի Աստվածամոր տաճար (լուսանկարներ)
Ուկրաինական «Ֆեմեն» շարժման ակտիվիստներն ակցիան իրականացրել են Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre Dame de Paris )` ի նշանավորումն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի հրաժարականի:Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` մեջբերելով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Խառնվելով զբոսաշրջիկների հետ` հայտնի ֆեմինիստական կազմակերպության ակտիվիստներին հաջողվել է մտնել ներս, որտեղ վերջերս տեղադրվել են տաճարի նոր 9 զանգերը:
«Իրենց վրայից վայր գցելով վերարկուները` կիսամերկ կանայք սկսել են փայտերով հարվածել գտնվող զանգերին և անգլերեն լեզվով բացականչել. «Պապն այլև չկա»: Իսկ ֆեմինիստուհիների մարմնի վրա երևում էին նրանց կարգախոսները` «Ո´չ հոմոֆոբիային», «Հավատքի ճգնաժամ» և «Ցտեսություն Բենեդիկտոս»»,- գրում է «Ռիա նովոստին»:
Ռուսական գործակալությունը նշում է, որ այս ամենից հետո միջամտել է եկեղեցու անվտանգության ծառայությունը, որն իրավախախտներին դուրս է բերել փողոց:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երեկ հայտարարեց իր գահից հրաժարվելու մասին: