Էթիկայի հանձնաժողովը որոշում կկայացնի ԲՀԿ և ՀՀԿ պատգամավորների վերաբերյալ
Հաջորդ շաբաթվա ընթացքում` փետրվարի 21-ին, Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է քննարկել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից իր վարույթում գտնվող երկու` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումները:
Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի կայքէջից, դիմումների վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչներ են նշանակվել համապատասխանաբար «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը: Նրանք փոխարինել են Էթիկայի հանձնաժողովի նախորդ կազմում տվյալ դիմումների վերաբերյալ զեկուցողներ նշանակված իրենց խմբակցությունների անդամներ Զարուհի Փոստանջյանին և Արծվիկ Մինասյանին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը վերաբերում է ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելուն:
«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն խնդրել է քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և հեռախոսով բանակցում վարձակալության պայմանների շուրջ ու առաջարկում տարածքներ: