Նախագահի թեկնածուներից ով որքան գումար է ծախսել
Հանրապետության Նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ թեկնածուների գրանցման պահից` հունվարի 14-ից, մինչև փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում Ընտրական օրենսգրքով քարոզչության ֆինանսավորումը կանոնակարգող նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին ԿԸՀ-ի նիստում զեկուցել է հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության փետրվարի 7-ին հրապարակված երկրորդ միջանկյալ զեկույցին, մասնավորապես, ոչ բոլոր թեկնածուների կողմից հիմնադրամ բացելու կապակցությամբ ԿԸՀ-ի կողմից որևէ պատժամիջոց չկիրառելու մասին դիտարկմանը, Ս.Հովհաննիսյանը նշեց այն «տարընթերցման առիթ կարող է հանդիսանալ»: Նա ընդգծեց, որ նախընտրական հիմնադրամ չբացելու համար Ընտրական օրենսգրքով որևէ պատժամիջոց նախատեսված չէ, եթե, իհարկե, թեկնածուն նախընտրական քարոզչության նպատակով ապրանքներ և ծառայութնուններ ձեռք չի բերել:
Այսպիսով, ըստ հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքի, հիմնադրամ բացած 6 թեկնածուներից առավել շատ մուծումներ և ծախսեր են կատարվել ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամ, առավել փոքր մուծումներ և ծախսեր` Էպոսագետ Վարդան Սեդրակյանի: Արման Մելիքյանն այդպես էլ հիմնադրամ չի բացել:
«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերը եղել են 11 մլն 300 հազար դրամ:
Թեկնածուի կողմից ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը կազմել է 5 մլն 880 հազար 100 դրամ: Մնացորդը փետրվարի 9-ի դրությամբ կազմել է 5 մլն 419 հազար 900 դրամ: Թեկնածուն պայմանագրային պարտավորություններ չունի:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում հունվարի 30-ից հետո ֆինանսական շարժ չի արձանագրվել: Մուտքերը պահպանվել են 1 մլն 24 հազար դրամ, թեկնածուի կողմից ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը` 1 մլն 703 հազար 900 դրամ, հիմնադրամից կատարված փաստացի ծախսը` 783 հազար 900 դրամ, մնացորդը` 240 հազար 100 դրամ: Պայմանագրային պարտավորություններ չունի:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերն եղել են 72 մլն դրամ: Ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը` 53 մլն 461 հազար 880 դրամ: Թեկնածուն 3 մլն 840 հազար դրամի չափով կատարել է հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր: Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերը կազմում են 57 մլն 301 հազար 880 դրամ, մնացորդը փետրվարի 9-ի դրությամբ` 14 մլն 698 հազար 120 դրամ: Թեկնածուն ունի 82 հազար 800 դրամի պայմանագրային պարտավորություններ:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի հիմնադրամի մուտքերը հունվարի 30-ից հետո չեն ավելացել և կազմել են 4 մլն 100 հազար դրամ: Սակայն ծախսերն ավելացել են, մասնավորապես` ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը կազմել է 4 մլն 591 հազար 240 դրամ: Հիմնադրամից կատարված փաստացի ծախսը` 4 մլն 91 հազար 240 դրամ: Մնացորդը փետրվարի 9-ի դրությամբ` 8 հազար 760 դրամ: Թեկնածուն մարել է իր նախկին պայմանագրային պարտավորությունները և այժմ այդպիսիք չունի:
ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամի մուտքերը եղել են 99 մլն 399 հազար 600 դրամ: Ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը` 84 մլն 473 հազար 246 դրամ: Հիմնադրամից կատարված փաստացի ծախսերի չափը` 74 մլն 139 հազար 46 դրամ: Մնացորդը փետրվարի 9-ի դրությամբ` 25 մլն 260 հազար 554 դրամ: Թեկնածուն ունի 10 մլն 334 հազար 200 դրամի պայմանագրային պարտավորություններ:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի հիմնադրամի մուտքերն եղել են 700 հազար դրամ: Ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը` 610 հազար դրամ: Նա հիմնադրամից կատարել է 520 հազար դրամի ծախսեր, մնացորդը` 180 հազար դրամ: