Հայրիկյանի դիմումի ոդիսականը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այդուամենայնիվ, դիմեց Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար, իսկ երեկ արդեն նա իր այդ դիմումը հետ վերցրեց ՍԴ-ից։
Հայրիկյանի այս քայլը հասարակության շրջանակներում տարբեր գնահատականների արժանացավ։ Դեո անցյալ երկուշաբթի նա հայտարարել էր, թե միանշանակ որոշել էր, որ ընտրությունները ոչ մի օրով չպետք է հետաձգվեն, բայց մասնագետներն ու նախագահի այլ թեկնածուներ իրեն այլ բան են ասել, ու հիմա իր թիմը հետազոտություն է անցկացնում։
Չորեքշաբթի Հայրիկյանն ու իր ներկայացուցիչները հայտարարեցին, որ որոշել են չդիմել ՍԴ։ Ուրբաթ, սակայն, նախագահի թեկնածուն չբացառեց ՍԴ դիմելու հնարավորությունը։ Եվ արդեն կիրակի օրը, նա, այդուամենայնիվ, ՍԴ ներկայացավ՝ ընտրությունները հետաձգելու իր դիմումով և երկուշաբթի հետ վերցրեց այն։
Մինչ դիմումը հանձնելը՝ նա լրագրողներին հայտնել էր, թե որոշել էր դա չանել, քանի որ կարծում էր, որ արագորեն կապաքինվի, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, ինքը սխալ էր, հիվանդանոցում անցկացրած 10 օրերը կորած է համարում, ինչն էլ էականորեն ազդել էին վարկանիշի վրա։
Ի դեպ, կիրակի օրը Պարույր Հայրիկյանին էր այցելել Սերժ Սարգսյանը։ Հայրիկյանը, սակայն, պնդում է, թե ընտրությունները հետաձգելու թեմայով իր և Սերժ Սարգսյանի միջև որևէ խոսակցություն չի եղել, և վերջինս որևէ ձևով չի փորձել ազդել իր որոշման վրա։
Երեկ Սահմանադրական դատարանը պետք է սկսեր քննարկել Հայրիկյանի դիմումը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու հարցը։ Մինչ այդ, սակայն, ժամը 12.25-ին Հայրիկյանն իր փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջոցով ՍԴ-ից հետ վերցրեց նախօրեին ներկայացրած դիմումը։ Նախագահի թեկնածուի այս, մեղմ ասած, անլուրջ պահվածքը տարբեր ենթադրությունների և գնահատականների տեղիք տվեց, հումորայինից մինչև ամենալուրջ մեղադրանքներ օրինակ, որ նա քաղաքական առևտրով է զբաղված եղել։ Ինքը թեկնածուն երեկ հակված չի եղել մեր թղթակցի այս խնդրին առնչվող հարցերին պատասխանել»։