Բազմազավակ ընտանիքին աջակցելու փոխարեն զրկել են անգամ սոցիալական նպաստից (տեսանյութ)
Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին:
Առաջին հայացքից անլուծելի թվացող նման թղթարարական քաշքշուկի մեջ է հայտնվել Եփրեմյանների 7 երեխաներ ունեցող ընտանիքը: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված այս ընտանիքին Գյումրու նախկին քաղաքապետը բնակարան է նվիրել, ինչի պատճառով նրանք դուրս են հանվել հերթացուցակից: Սակայն բնակարանը մինչև օրս նրանց անունով չի ձևակերպվել:
Բնակարանի նախկին տերը հսկայական կոմունալ վարձեր է պարտք եղել, այդ իսկ պատճառով պատկան մարմինները հրաժարվել են Գյումրու Բորյան 4 հասցեի բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի առք ու վաճառքը օրինականացնել: Ավելին, պետության կողմից սոցիալական նպաստի տրամադրման կարգում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո այս բազմազավակ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին փաստացի բնակության վայրում գրանցում չունենալու պատճառով զրկել են նպաստից:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը հագուստ, կոշիկ և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Եփրեմյանների ընտանիքին:
Ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:
«Շիրակ կենտրոն»