Պարույր Հայրիկյանը կասկածյալների հետ առերեսվել-չառերեսվելու թեմայով չի խոսում
ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի ցանկանում հայտնել` առերեսվել է իրեն մահափորձի ենթարկվելու մեջ կասկածվող երկու ձերբակալվածների հետ, թե` ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «այդ թեմայով չի խոսում»:
Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ վաղը ժամը 15.30-ին կլինի Սահմանադրական դատարանում, եթե հանկարծ որեւէ բան չփոխվի: Նա նաեւ նշեց, որ իրեն լավ է զգում:
Պարույր Հայրիկյանի` կասկածյալների հետ առերեսվելու մասին չհաջողվեց պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ նաեւ իրավապահ մարմիններից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը ոչինչ չասաց` նշելով, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի եւ չի կարող տրամադրել:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել եւ այլն:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: