«Սիրելի Պարույր, քո բաց նամակն ինձ զարմացրեց». Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի բաց հայտարարությանը, որը, ինչպես արդեն հայտնել էինք, վերաբերում էր միասնական թեկնածուով հանդես գալու` Հայրիկյանի առաջարկին: Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Պարույր, այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը` ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է: Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել; Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել եւ դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է եւ խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի եւ ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք եւ պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս