
Պետք չէ մրոտել ոչ մեկին. Երվանդ Մանարյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին

ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնի դերասան Երվանդ Մանարյանը գնահատել է ներկայիս քաղաքական իրավիճակն ու խոսել է նախընտրական քարոզարշավից: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, և Ձեր կարծիքով` ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում այդ դատապարտելի՝ թեկնածուի նկատմամբ իրականացված քայլը, Մանարյանը պատասխանել է.
«Դե, դժվար է դրան որոշակի գնահատական տալ, անգամ իրեն էլ, որ լսում ենք, չենք կարողանում որոշակի եզրահանգման գալ, բայց վերջը դեպք է տեղի ունեցել, հիմա ո՞րն է կարևորը՝ այդ դեպքի հետևից վազե՞լը, թե՞ մեր խնդիրներին տեր կանգնելը: Ես կարծում եմ, որ ասենք, եթե Պարույր Հայրիկյանի մասին խոսելու լինենք, պետք է նշենք, որ մեր պատմության մեջ նա իր որոշակի տեղը գրավեց` ժամանակին շատ մեծ գին վճարելով դրա համար: Երտասարդ մարդու համար 17 տարի ազատազրկման մեջ լինելը շատ բարդ բան է, բայց ես կարծում եմ, որ նա կարող էր այդքանով իր քաղաքացիական պարտքը ավարտած համարել, բայց թե ինքն ուզում է ավելին արած լինի՝ դա իր գործն է արդեն: Իսկ խոսել նրա մասին, թե ինչ նպատակ էր հետապնդում այս քայլը, դժվար է ասել: Ակամա ստացվում է այնպես, որ մենք ուզում ենք այդտեղ ճշգրտումներ մտցնել և մրոտում ենք ինչ-որ մեկին, պետք չէ ոչ մեկին մրոտել»: