Խոշոր հրդեհ՝ «Մայամի» ռեստորանային համալիրում. ԼՐԱՑՎԱԾ (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Մայամի» ռեստորանային համալիրում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարական խմբեր՝ մի քանի մարտական հաշվարկներով։
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ հրշեջները 2 հոգու անվնաս դուրս բերեցին տարածքից, իսկ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած ծխից վատ էր զգում մեկ հրշեջ, ում առաջին օգնությունը ցուցաբերեցին «1-03» ծառայության բուժբրիգադը, ով կարճ ժամանակում ժամանել էր հրդեհի վայր։
Եթե հրշեջները ուշանային և ժամանակին չմարեին առաջացած կրակը, վնասը ավելի մեծ չափերի կլիներ և հնարավոր է՝ մարդկային զոհեր լինեին։
Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների օպերատիվ խմբերը։ Հրշեջներին օգնում էին նաև քաղաքացիներն ու շտապօգնության բրիգադները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի