Անդրիաս Ղուկասյանը երկուշաբթի օրը անալիզներ կհանձնի
ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն՝ ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ: Ըստ հայտարարության, քննարկելով խնդիրը, Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ որոշվել է, որ թեկնածուն փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ՝ չլքելով հացադուլի վայրը:
Ա. Ղուկասյանի նախընտրական շտաբի տարածած ամբողջական հաղորդագորությունը ներկայացնում ենք ստորև.
«Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն՝ միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա՝ հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ՝ որոշել ենք՝ Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ՝ չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»: