«Չէի ցանկանա, որ ինձ նման տոնայնությամբ նամակ գրեին»
«Չէի ցանկանա, որ իմ հասակակից քաղաքական գործիչները նամակ հրապարակելուց գրեին այնպիսի տողեր, ինչիպիսին առկա են Հայրիկյանի գրած նամակում՝ «պարտության տոկոսներ», «պարզունակ հավակնություններ» և այլն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կոսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը կոչ էր արել նախագաի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին միասնական հանդես գալ նախագահական այս ընտրություններում՝ վստահեցնելով, որ դա է հաղթանակի միակ ճանապարհը:
«Ես անձամբ նմանատիպ խոսքեր, ինչպիսիք Պարույր Հայրիկյանն էր հասցեագրել թեկնածուներին, չէի ցանկանա լսել: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզունակ հավակնություններ երբեք չի ունեցել և չի ունենա: Կրկնում եմ, ես չէի ցանկանա, որ իմ հասակակիցները օրինակ ինձ նման տոնայնությամբ նամակ գրեին: Եթե նա ցանկանում է միասնություն կարող էր իր թեկնածությունը հանել և առանց որևէ քննարկման կոչ անել կոնկրետ թեկնածուի օգտին: Այստեղ ավելի շատ մեկնաբանության կարիք ունի հենց Հայրիկյանը»,- մասնավորեցրեց Ա. Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ կուսակցության շտաբում Պ. Հայրիկյանի բաց նամակը դեռ չի քննարկվել, և ավելին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրկական հադիպումներ ունի և իրականացնում է ակտիվ քարոզարշավ:
Ինչ վերաբերում է Հայրիկյանի հայտարարության մեջ հրապարակված թվերին, թե «եռյակը կունենա 67-69 տոկոս ձայն, իսկ ընտրությունները 14 օրով հետաձգելու դեպքում միասնական տոկոսը կկազմի ոչ թե 70, այլ՝ 80, Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«Մենք նմանատիպ հետազոտություն չենք անցկացրել և այդ պատճառով ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել հրապարակված այս տոկոսները: Մի բան հաստատ է՝ այն տվյալները, որը մենք ունենք Րաֆֆի Հովհաննիսյանը արդար ընտրությունների դեպքում միանշանակ կհաղթի»: