Դե ռադ էղեք դեպի «ապահով Հայաստան». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներից այն մասին, որ կեսօրից հետո ոստիկանականները մի քանի տասնյակ մեքենաներով մոտեցել են դպրոցներին և բարձր տարիքի տղա աշակերտների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել։ Օրինակ, Գեղարվեստի դպրոցի մոտ տեսախցիկներով ռեժիսյուրայի դաս անցկացնող աշակերտներին շրջապատել են երեք մեքենաներով ոստիկաններ։
«՚Նրանք շատ կոպիտ, հայհոյախառն արտահայտություններով մեզ ստիպեցին նստել իրենց մեքենաները, վերցրեցին մեր խցիկները, պահանջեցին ցույց տալ նկարահանած կադրերը, ապա «չիպերը» հանեցին ու այդ ընթացքում չափազանց կոպիտ էին խոսում մեզ հետ։ Նրանք մեզ բաց թողեցին միայն այն բանից հետո, երբ դպրոցից դուրս եկավ մեր տնօրենը…։ Ոստիկաններին պատկանող մեքենաներից մեկը վրացական համարներով սև «Մերսեդես» էր, մյուսը` «ժիզուլի»՝ 150 ՈՍ 02 պետհամարանիշով…»,– պատմեց մի աշակերտ։
Դպրոցի տնօրեն Լուսինե Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երեխաներին մեքենաներից իջեցրել են միայն իր գալուց հետո։ Երեխաները մեզ պատմեցին, որ մեքենաներից իջեցնելիս՝ ոստիկանները իրենց ասել են. «Դե ռադ եղեք դասարան»։ մոտավորապես այսպիսի դեպքեր են գրանցվել նաև այլ դպրոցների մոտ։ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանությունում մեր թղթակցի հետ զրույցում բնականաբար հերքել են, որ նման բան է տեղի ունեցել։ Թե ո՞րն է ոստիկանների «գազազելու» պատճառը, հաստատապես հայտնի չէ, սակայն անցած գիշեր այդ համայնքում պատերին հայտնվել են «Անսերժ Հայաստան», «Դու դեո ֆեյսթուքո՞ւմ ես, դո՛ւրս արի փողոց» և նմանատիպ այլ շատ «վտանգավոր» գրվածքներ։ Երեխաներին հետապնդելով չզբաղված մյուս ոստիկանները ամբողջ օրը շուշաթղթել կամ սև ներկով ներկել են այդ բոլոր գրվածքները»։