
ՀՀԿ-ական թաղապետը հաստատել է սոցհարցումների սնանկությունը. մամուլ

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը թիվ 191 դպրոցի մանկավարժների հետ երեկ ունեցած նախընտրական հանդիպմանը ուշագրավ բացահայտումներ է արել՝ հաստատելով սոցհարցումների սնանկությունը»,- գրում է «Հայկական Ժամանկ» օրաթերթը և շարունակում.
«Օհանյանը նախ ասել է, որ այս ընտրություններում չկա լուրջ մրցակցություն։ Հետո խոսել է ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության պակասի մասին՝ հավելելով, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են Մալաթիա-Սեբաստիայում 101 հազար աշխատողներից ընտրությանը մասնակցելու մտադրություն ունի ընդամենը 25-30 հազարը։ Այսինքն՝ շուրջ 25-30 տոկոսը։ Այնինչ, երբ պաշտոնապես հրապարակվում են այս կամ այն սոցհարցումների արդյունքները, նշվում է 50-ից մինչև ավելի քան 70 տոկոս մասնակցության մասին։
Վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ այդ 25-30 հազար ընտրողների 70-80 տոկոսը ձայն է տալու իրենց թեկնածուի օգտին։ «Արդյո՞ք դա կհամարվի ընտրություն։ Իհարկե ոչ, որովհետև գիտեք, որ գրանցված շատ եվրոպական դիտորդներ կան»,– անկեղծացել է նա»։