Սերժ Սարգսյանը օտարերկրյա դիվանագետին «նորաթուխ բլոգեր» է անվանում

Հայաստանի նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր քննադատական գնահատականներ է հնչեցրել իր ձևակերպմամբ՝ «օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի» հասցեին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը:

«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել», – Երևանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմելով նախընտրական հանդիպման եկածներին՝ ասել է Սերժ Սարգսյանը, – «Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձևակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։

Օրերս Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանի հայտարարությունները «ոչ կոռեկտ» էր որակել։

Սերժ Սարգսյանն այսօր իր ելույթում ըստ էության անդրադարձել է նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին սատարելու համար ՀԱԿ անդամներին հետապնդելու և կուսակցությունից հեռացնելու մասին տեղեկություններին։

ՀԱԿ մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Հենրիկ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ իրեն կուսակցությունից հեռացրել են այն պատճառով, որ նա որոշել է սատարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։

Սերժ Սարգսյանի խոսքով, այս օրերին կարելի է տեսնել նաև, թե՝ «ինչպես է ընդդիմադիր քաղաքական ուժը հալածում իր անդամներին, միայն այն բանի համար, որ այդ անդամները սատարում են այս ընտրություններում իրենց իսկ կուսակցության անդամին։ Զավեշտալի պահ է, իհարկե, բայց նախընտրական ժամանակահատվածում իրոք շատ են լինում այդպիսի դեպքեր»։

Տեսանյութեր

Լրահոս