Քվեաթերթիկներում ընդգրկված կլինեն ՀՀ նախագահի յոթ թեկնածուների տվյալներ
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված 8 թեկնածուներից սահմանված ժամկետում` մինչև փետրվարի 8-ի ժամը 18-ը, ինքնաբացարկ հայտնեց միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
ԿԸՀ-ն այսօր ժամը 18.30-ին, հրավիրվելիք նիստում կհաստատի ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը, որում ընդգրկված կլինեն ընտրապայքարը շարունակող ՀՀ նախագահի թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:
Ըստ այդմ, քվեաթերթիկում թեկնածուների ազգանուններն ընդգրկված կլինեն հետևյալ հերթականությամբ` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, անկուսակցականներ` Անդրիաս Ղուկասյան և Արման Մելիքյան, ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան, անկուսակցական Վարդան Սեդրակյան: