ՀՀՇ-ի հետ քննարկվել է նոր կուսակցության հարցը
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, այսօր անդրադառնալով ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հայտարությանը, թե իրենք դեմ են ՀՀՇ-ի լուծարմանը, որովհետև «այդ տարբերակը կնշանակի գիծ գցել քո անցյալի և ապագայի միջև: Դա նշանակում է՝ քո բոլոր պարտավորությունները և պարտականությունները`ծրագրային, քաղաքական, իրավաբանական, մի կողմ ես դնում և անցնում ես նոր գծի», ասաց. «Դա մեր որոշելիքը չէ: Ամեն քաղաքական ուժ ինքը պետք է որոշի, եթե միավորվում է այս գործընթացի մեջ՝ ինքը պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհով դա պետք է արվի՝ լուծարման, միաձուլման, վերակազմման… Իրենք պետք է հավաքվեն՝ իրենց համագումարներով, որոշումներով, ու գտնեն այն ճանապարհը, որով իրենք միանում են այս կուսակցությանը՝ համաձայն կուսակցությունների մասին օրենքի»:
Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ՀՀՇ-ի հետ նոր կուսակցություն ստեղծելու մասին հարցը քննարկվել է, և իրենք ևս այս նախաձեռնության մաս են կազմում: «Գաղտնիք չկա, ՀՀՇ-ի հետ ենք քննարկել այս հարցը, և հիմա կոնկրետ անձեր այս նախաձեռնության մաս են կազմում: Իրենք պետք է անցնեն որոշակի ճանապարհ՝ միանալու մեզ: Ես շեշտում եմ, սա ՀՀՇ վերակազմավորման պրոյեկտ չէ, այլ՝ նոր քաղաքական իրողության արդյունք»: