«Մահափորձի արագ բացահայտումը բացառիկ դեպք կլինի». Ավետիք Իշխանյան

«Ես շատ կուզենամ, որ մահափորձն իսկակապես բացահայտվի:  Սա հայ իրականության մեջ բացառիկ դեպք կլինի, որովհետև այդպիսի հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ պատահաբար են բացահայտվում, կամ էլ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում են բացահայտվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նախնական տեղեկություններ էին ստացվել, որ ձերբակալվել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող երկու անձինք: Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն,  համաձայն որի՝ փետրվարի 7-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ:

Մեր հարցին, թե կարելի՞ է վստահ լինել, որ հանցագործոթյունն իսկապես այդքան արագ բացահայտվել է, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ բարձրագույն իշխանությունը շահագրգռված է նման հանցագործության արագ բացահայտմամբ, բայց  դեռևս վստահություն չի կարելի ունենալ, որ ձերբակալվածներն իսկապես մեղավոր են:

Տեսանյութեր

Լրահոս