Արամ Հարությունյանն իր ինքնաբացարկն ընտրողների համար է անում

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ամբողջ գիշերն անքուն է անցկացրել: ԿԸՀ-ի առջև երեկ ժամը 17:00-ին մեկօրյա հացադուլ հայտարարած թեկնածուն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնազգացողությունը  բավական լավ է, չնայած ամբողջ գիշեր եղել է բաց երկնքի տակ և անընդհատ քայլել է:

«Որևէ խնդիր չեմ տեսնում, թեկուզ ցուրտ է, բայց որևէ  խնդիր չկա: Կարևորը քաղաքացիների վերաբերմունքն էր:  Շատ մարդիկ են եղել, նույնիսկ արտասահմանցի հայեր են մոտեցել, լավ բաներ են ասել: Հիմնական նախադասությունն այն էր, որ՝ եթե  ձեզ նման մի քանի մարդ լիներ, շատ բան այլ ձևով կլիներ»,- ասաց նախագահի թեկնածուն: Նա պատմեց, որ թե՛ երեկ, թե՛ այսօր առավոտյան իրեն է մոտեցել նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և հարցրել իր որպիսության մասին: Նախագահի որևէ թեկնածու և քաղաքական ուժի ներկայացուցիչ, բացի Արշակ Սադոյանից և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից, Արամ Հարությունյանին չի այցելել: Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վիրավորված չէ՞, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը, մասնավորապես՝ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից որևէ ներկայացուցիչ, իրեն չի այցելել, այն դեպքում, երբ, ըստ էության, իր հացադուլը և ինքնաբացարկը նրանց շահերը պաշտպանելու համար է արվում: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ մինչև նախագահի թեկնածուների առաջադրումը վերոհիշյալ ուժերի վրա ճնշումներ են եղել, ինչի պատճառով էլ նրանք թեկնածուներ չեն առաջադրել, հետևաբար՝ առաջիկա ընտրություններն անօրինական են: «Ես իմ քայլը ոչ թե ղեկավարության համար եմ անում, այլ այն ընտրողների, ովքեր ձայն են տվել այդ երեք ուժերին»,- նշեց նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00-ին Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է  ներկայացնելու է ԿԸՀ:

Տեսանյութեր

Լրահոս