Սոս Գիմիշյան. «Ես չեմ հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը»
«Ես ուրախ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման հարց է առաջ քաշում և պատրաստվում է ՀՀՇ-ն և մի քանի այլ կուսակցություն դարձնել մեկ կուսակցություն: Բայց ինքս դեմ եմ այս գաղափարին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցի մասնավորապես այն հայտարարությանը, թե «Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:
«Ես կողմ եմ ՀԱԿ-ը պահպանելուն, և ինչ հնարավոր է՝ կանեմ, որ ՀԱԿ-ում բարեփոխումներ, գործելակերպի փոփոխություն, առողջացում լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ամբողջական կուսակցություն դառնալու մասին գաղափարը գուցե ևս դիտվի որպես առողջացման հիմք, գուցե՝ արմատական առողջացման հիմք, բայց ես, այնուամենայնիվ, դեմ եմ սրան»,- նշեց Ս. Գիմիշյանը՝ ավելացնելով, թե «ՀԱԿ-ը ՀՀՇ չէ: Եթե ՀՀՇ-ն ուզում է այլ կուսակցությունների հետ նոր կուսակցություն սարքել՝ թող սարքի: Իսկ մենք մյուս գործընկերներիս հետ կփորձենք պահպանել ՀԱԿ գաղափարը»:
Սոս Գիմիշյանը խոստովանեց, որ «դժվար կլինի վերականգնել ՀԱԿ-ի անկում ապրած հեղինակությունը, բայց առողջացման միտումների դեպքում անտեղի չի լինի փորձել վերականգնման լուծումներ գտնել»: ՀԱԿ անդամը վստահեցրեց, որ Կոնգրեսի առողջացման համար առաջին հերթին պետք է ընդունել գործած սխալները, որոնք կատարվեցին թե՛ նախորդ խորհրդարանական, թե՛ այս նախագահական ընտությունների ժամանակ:
«Ակնհայտ էր, որ Կոնգրեսը վերջին շրջանում գնում էր փլուզման: Մի քանիսը դուրս են եկել, մի քանիսն էլ դուրս կգային, ու տակը ոչ մի բան չէր մնա: Ես չեմ հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը, որ ինքը ուզում է ՀՀՇ-ի և մի երկու կուսակցությունների հետ նոր կուսակցություն ստեղծել: Հետո կտեսնեք, որ ՀՀՇ-ն համաձայն չէ, և այլն, և այլն»,- ավելացրեց նա:
Ս. Գիմիշյանը շեշտեց, որ ինքը՝ որպես «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀՀՇ-ի հետ նույն կուսակցության կազմ չի մտնի: «Հիմա է շատ դժվար, երբ դաշինքի մեջ ենք, երբ ամեն մի կուսակցություն իրեն տեր է համարում, երբ կարծիքդ հաշվի չի առնվում… Եթե մի կուսակցության մեջ լինենք և ուրիշ կարծիք արտահայտենք՝ միանգամից կհեռացնեն, կվերջացնեն: Ինձ մի անգամ արդեն հեռացրել են ՀՀՇ-ից, չեմ ցանկանա նույն վիճակում հայտնվել»,- մասնավորեցրեց նա: