ՀՀՇ-ն կհակադրվի՞ Տեր-Պետրոսյանին
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր պատգամավորական սենյակում նստած էր դեմքի չափազանց հուզված և մտահոգ արտահայտությամբ: Դա կարելի է հասկանալ. նա ևս կարդացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ըստ որի՝ ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինքից վերածվելու է կուսակցության, իսկ դա նշանակում է, որ ՀՀՇ-ն, որպես կուսակցություն, դադարելու է գոյություն ունենալ, ու Արամ Մանուկյանն էլ չի լինելու ՀՀՇ նախագահ: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:
– Պարոն Մանուկյան, Դուք չափազանց մտահոգ տեսք ունեք, արդյո՞ք այդ մտահոգությանը պայմանավորված է քաղաքական դաշտում ՀՀՇ սպասվող վերացմամբ:
– Ամենևին մտահոգ չեմ, տրամադրությունս շատ բարձր է, լավ է, և այն պրոցեսը որը դուք ակնարկում եք այս պահին ծնված պրոցես չէ, այն տեղի էր ունեննում տևական ժամանակ: Այն ես համարում եմ շատ դրական և ճշգրիտ ժամանակի առումով, համահունչ այսօրվա իրականությանը:
– Դուք մի կուսակցության նախագահ եք, որը այդ դրական և ճշգրիտ գործընթացի առումով պետք է վերանա քաղաքական ասպարեզից: Միթե դա մտահոգության առարկա չէ:
– Ամենևին, ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ:
– Դուք կկորցնեք կուսակցության նախագահի պաշտոնը, միթե դա ձեզ չի մտահոգում:
– Ինչից որոշեցիք:
– Հնարավոր է չէ, որ ձեզ նոր կուսակցության նախագահ չընտրեն:
– Ինչպես դուք եք ասում՝ հնարավոր է: Բայց իմ համար կարևորը այս երկրի խնդիրներն են, և ոչ թե կուսակցության նախագահ լինելը: Եվ այս շարժումը ղեկավարողը`Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ ես նրա ընկերն եմ, քաղաքական ընկերը, և եթե մեր կուսակցությունը որոշում է վստահել Լևոն Տեր-Պետրոսյանին և ստեղծել ավելի մեծ կուսակցություն, ես դրա համար միայն ուրախ եմ:
– ՀՀՇ-ն ստեղծվել է 1989թ. և դուք որպես այդ կուսակցության վերջին նախագահ չեք ափսոսում, ցավ չեք զգում, որ վերանում է 24 ամյա կուսակցություն, նրա քաղաքական ժառանգությունը:
– Ոչ մի քաղաքական ժառանգություն չի կորչում: Եթե, եթեով եմ ասում, քանի որ մեր կուսակցությունը դեռ որևէ որոշում չի կայացրել, բացարձակ որևէ որոշում չունենք, և ես իրավասու չեմ կուսակցության անունից հայտարարություններ անել:Եթե կուսակցությունը, նրա տարածքային կառույցները, կուսակցության խորհուրդը համաձայնություն տան, որ նոր, ավելի մեծ կուսակցություն ստեղծելը շարժմանը նպաստում է, ապա մենք կգնանք դրան: Իսկ եթե կուսակցությունը այլ որոշում կայացնի, մնա հին անվան և կառույցի տակ, ապա մենք կշարունակենք հանդես գալ որպես ՀՀՇ:
– Դուք նույնիսկ տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀՇ-ն կարող է ընդդիմանալ Տեր-Պետրոսյանի ցանկությանը, և դրան հակառակ գնալ:
(Այստեղ Արամ Մանուկյանը խիստ բորբոքվեց – Ա.Բ)
– Դուք մեզ ձեռ եք առնում, Դուք մի անգամ մասնակցե՞լ եք ՀՀՇ վարչության կամ խորհրդի նիստերին, Դուք տեսե՞լ եք, թե ինչ քննարկումներ են լինում այնտեղ…
Հ.Գ. – Ես, իհարկե, կասկածում եմ, որ ՀՀՇ-ն կարող է այլ որոշում կայացնել, բայց քանի որ Արամ Մանուկյանը շատ նյարդայնացած էր, մենք համաձայնվեցինք սպասել և հետևել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀՇ-ն: