Ես հավատում եմ, որ նա ինձ տեսնում է…Հենրիխ Մխիթարյան
Վալանսում, Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ազգային հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի Վալանսում հանդես գալուց 18 տարի անց:
Հաղորդման մեջ, որ կարող եք դիտել ստորեւ, հեղինակը նշում է, որ խաղադաշտ մտնելը բեմ մտնելու նման է եւ միշտ տարբեր է ու միշտ եզակի, եւ որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ իր հայրը, Համլետ Մխիթարյանը հանդես է եկել Վալանսում: Հաղորդման մեջ նշվում է, որ Համլետը խաղացել է Վալանսում, եղել է ծագումով հայ օտարերկրացի ֆուտբոլիստ, որ ընտանիքը տեղափոխվել է Վալանս եւ որ Հենրիխը այդ տարիներին եղել է փոքրիկ երեխա:
Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում նշում է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել է Հայաստան, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն, բայց կյանք է, կյանքը շարունակվում է եւ ասել է. «Ես հավատում եմ, որ նա ինձ նայում է եւ հպարտ է…»:Մարինա Թաշչյանը, Հենրիխի մայրը նշել է, որ իր համար հուզիչ է ամեն ինչ, եւ հաճելի է, քանի որ իր որդին խաղալու է այն նույն մարզադաշտում, որտեղ խաղացել նրա հայրը` ավելացնելով, որ այս ամենն իրեն վերադարձնում է դեպի իր ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները, փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը