Անվանափոխությունը որևէ բան կփոխի՞

«Չեմ կարծում, թե հիմնական դաշինքի անվանափոխությունը նոր կուսակցության որևէ բան կփոխի: Կարծում եմ՝ հիմա, այս պայմաններում նոր կուսակցություն ստեղծելու մասին խոսելու ժամանակը չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանն, ըստ որի՝ «Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:

Պ. Մակեյանը նշեց, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն այս հարցի շուրջ իր դիրքորոշումն առաջիկայում կարտահայտի պաշտոնական հայտարարությամբ, երբ կգումարվի կուսակցության համագումարը:  Իսկ ո՞վ է լինելու այդ նոր կուսակցության ղեկավարը: «Եթե հստակ որոշում ունենայինք կուսակցություն մտնելու կամ չմտնելու մասին՝ այդ դեպքում կարող էինք այս մասին խոսել: Բայց քանի որ չունենք որոշում՝ չեմ մեկնաբանի այս հարցը: Առաջիկա քաղխորհրդին ես անպայման կմասնակցեմ ու կփորձենք ի մի գալ, առհասարակ, նոր կուսակցություն ստեղծելու հարցի շուրջ»,- ասել է Պ. Մակեյանը:

Տեսանյութեր

Լրահոս