Գուրգեն Եղիազարյանը ողջունում է Տեր-Պետրոսյանի առաջարկը
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»: 168.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ ՀԱԿ-ին մաս կազմող ՍՀԴԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «ՀԱԿ-ը հինգ տարի դիմացավ հազար տեսակ հարվածների: Դիմացավ կայուն և չփշրվեց մինչև վերջ: Հեշտ չէ Հայաստանի նման երկրում լինել ընդդիմադիր. դա շատ ծանր զբաղմունք է: Բռնապետությունը, որպես կանոն, քեզ զրկում է ամեն ինչից, անգամ ապրելու իրավունքից: Դե պատկերացրեք՝ հիմա ի՞նչ վիճակի մեջ է ընդդիմությունը, այն էլ այն դեպքում, երբ հալածվում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև նրա ընտանիքի անդամները: Մարդուն չորս կողմից կեղեքում են: Բայց քանդել մինչև վերջ չհաջողվեց՝ չնայած որ, Հատուկ ծառայություններին էին աշխատեցնում: Փոխանակ իրենց նյարդերը, բյուջեն, ժամանակը օգտագործեն կարևոր գործի մեջ, իրենց ռեսուրսը մսխում են ընդդիմադիրներին սրճարանում գաղտնալսելու մեջ»: Գուրգեն Եղիազարյանը նաև նշեց, որ «գաղտնալսման տարբերակը (նկատի ունի Լևոն Զուրաբյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի սրճարանում տեղի ունեցած զրույցի գաղտնալսումը.- Տ.Մ.) մինչև հրապարակվելը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանին և Հրանտ Բագրատյանին՝ նպատակ ունենալով ՀԱԿ-ի ներսում պայթյուն առաջացնել»:
Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ որոշում է ընդունել ՀԱԿ-ը՝ որպես ամբողջական կուսակցություն ստեղծելու մասին, և ինքը ողջունում է նրա այդ առաջարկը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ նոր կուսակցությունը դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությանը, Գ. Եղիազարյանը նշել է, որ ՀԱԿ-ում կան ինչպես ազատականներ, այնպես էլ սոցիալիստներ, և սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը ենթադրում է թե՛ սոցիալիստների, թե՛ ազատականների միավորման հնարավորությունը մեկ կուսակցությունում: «Առհասարակ սոցիալ-լիբերալիզմը զարգացող երկրների միակ ուղին է, որովհետև դատարկ ազատականությամբ ոչինչ չի ստացվում, միայն լիբերալիզմն էլ հանգեցնում է սարսափների: Իսկ միացումը կբերի զարգացման նոր փուլի»,- մասնավորեցրել է նա: