«Ուզում եմ հավատալ, որ Հայրիկյանը կառաջնորդվի իր անցած ճանապարհով»
«Նրանք, ովքեր կշնորհավորեն Սերժ Սարգսյանին, նրանք են լքում պայքարը: Նրանք ուղղակի հանձնվում են, ինչպես հանձնվեցին Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը և շատ-շատերը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջինս այսօր հացադուլ է հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, իսկ փետրվարի 8-ին ինքնաբացարկ է հայտնելու:
Արամ Հարությունյանը նշեց, որ այսօր իշխանությունները խնդիր ունեն, քանի որ շնորհավորող թեկնածուի փնտրտուքի մեջ են: Արամ Հարությունյանը համոզված է, որ թեկնածուներ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը հաստատ չեն շնորհավորի Սերժ Սարգսյանին:
Իր նախորդ ասուլիսներից մեկում Արամ Հարությունյանը հայտարարեց, թե իշխանությունները սկսել են կասկածել, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ տեղում հայտնվելով, կշնորհավորի, իսկ Պարույր Հայրիկյանը հաստատ կշնորհավորի:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Արամ Հարությունյանն այլ կարծիք հայտնեց: «Րաֆֆի Հովհաննիսյանը` դժվար է ասել, Հայրիկյանը` իրենք հույս ունեն, բայց ես նրա քաղաքական ինտուիցիայի վրա չեմ կասկածում, ինքը բավական հեռուն նայող քաղաքական գործիչ է, այնպես որ, պետք է որ չշնորհավորի, Բագրատյանն էլ… Աչքիս Սերժ Սարգսյանը լուրջ պրոբլեմ է ունենալու»,- նկատեց Արամ Հարությունյանը:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ վերջին 2-3 օրերի ընթացքում փոխեցիք Ձեր կարծիքը Պարույր Հայրիկյանի մասին, Արամ Հարությունյանը պատասխանեց, թե Հայրիկյանին ամենալավն ինքն է ճանաչում: «Ես չեմ ուզում, որ Հայրիկյանն իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանին շնորհավորելով ավարտի: Ես Հայրիկյանի մոտ փոփոխություն եմ զգում՝ իր վերջին խոսակցությունները, իր ասուլիսը մի օր հետաձգելը… Համոզված եմ, որ ինքն էլ հաստատ չգիտի, իր մոտ տատանումներ կան: Ես ուզում եմ հավատալ, որ Հայրիկյանը կառաջնորդվի իր անցած ճանապարհով»,- նշեց Պարույր Հայրիկյանի երբեմնի գաղափարակիցը: