Արամ Հարությունյանն իր առաքելությունն ավարտված է համարում

«Մինչ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը, վերջին խորհրդարանական ընտրություններում միասին ավելի քան 46 տոկոս ձայն հավաքած «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, Հայ Հեղափոխական դաշնակցություն  քաղաքական ուժերի համար եղել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ փողերի լվացման անհիմն մեղադրանք, ճնշումներ համակիրների վրա, գաղտնալսումներ, այդ պատճառով էլ այս ուժերը ՀՀ նախագահի ընտրություններում որևէ թեկնածու չառաջադրեցին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Նախագահի թեկնածուն ընթերցեց իր ընդունած հայտարարությունը, որտեղ նշված էր, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն ի սկզբանե անօրինական են: «Կոչ եմ անում նախագահի բոլոր թեկնածուներին՝ ինքնաբացարկ հայտնել և քվեաթերթիկում Սերժ Սարգսյանին թողնել միայնակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է Ա. Հարությունյանը համոզված, որ նշված քաղաքական ուժերն ընտրություններին չեն մասնակցում հենց ճնշումների պատճառով, վերջինս պատասխանեց, որ վերջին ամիսների վերլուծությունները միայն այդ եզրակացությունն անելու հիմքն են տալիս:

«Ինչո՞ւ եք մտածում, թե ես տեղեկացված չեմ. արվել են հստակ վերլուծություններ: Նայեք էդ երեք ուժերի վերջին ամիսների հայտարարությունը, որևէ տրամաբանություն չկար, որ այդպես պետք է լինի»,- պատասխանեց Արամ Հարությունյանը:

Իսկ արժե՞ր արդյոք 8 մլն դրամ կորցնել՝ ընդամենը ասելու համար, որ ճնշումներ են եղել ընդդիմության վրա։ Այս հարցին ի պատասխան՝ թեկնածուն կրկնեց նախկինում արտահայտած իր միտքը, թե մուծած  8 մլն դրամ ընտրագրավը նպատակային էր: «Եթե 800 մլն էլ լիներ, ես իմանայի՝ այդ հնարավորությունը կա, մի հատ քար դնելու այն Հայաստանի համար, որ երազել ենք, ես չեմ ափսոսա»,- համոզված նշեց Արամ Հարությունյանը:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ինքը հաստատակամ  է իր որոշման մեջ, փետրվարի 7-ին ժամը 17:00-ին ԿԸՀ-ի առջև մեկօրյա հացադուլ է հայտարարելու, իսկ մեկ օր անց հանելու է իր թեկնածությունը:  Նախագահի թեկնածուն պնդեց, որ փետրվարի 18-ից հետո չի դադարեցնելու պայքարը, բայց չմանրամասնեց, թե պայքարի ինչ ձևեր է ընտրելու: «Ես շարունակելու եմ պայքարը, որպեսզի մենք ունենանք մեր բոլորի երազած Հայաստանը»,- ասաց նախագահի թեկնածուն: Նա իր առաքելությունը համարեց ավարտված այն իմաստով, որ ասաց այն, ինչ  գիտեին բոլորը, բայց վախենում են բարձրաձայնել:

Տեսանյութեր

Լրահոս