
Դե տղա եք` մի բացեք «Կարֆուրը». մամուլ

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր էջում մի շատ ուշագրավ գրառում է կատարել. «Լսել եմ՝ «Կարֆուրը» ցանկանում է գալ Երևան… Դա շատ լավ կլինի մրցակցության առումով։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա»,- դեսպանի խոսքն է մեջբերում «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Երեկ ֆրանսիական հանրահայտ «Կարֆուր» ցանցի կողմից ՀՀ-ում սուպերմարկետ հիմնելու թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը Աժ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում, քանի որ նա աշխարհով մեկ մատուցում է այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած տնտեսության համար կարևոր է մրցակցային դաշտ ձևավորելու համար»,– ասել է նա։ Այսպիսով հուսանք, որ «Կարֆուրի» դեմ հայաստանյան մի քանի օլիգարխների և պաշտոնյաների կազմակերպած դավադրությունը կարող է խափանվել»։