Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր
Փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զալինյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի՝ NCN 926 համարանիշի ավտոմեքենան, Երասխավան-Երևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 5 հոգու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Նշվում է նաև, որ վթարի հետևանքով բենզինի արտահոսք է առաջացել և նշված հատվածը` հրշեջ-փրկարարների կողմից, հատուկ միջոցներով լվացվել է: