Հովիկ Աբրահամյան. «Պարոն Հակոբյան, Նժդեհն իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ»

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունները պատեհ-անպատեհ առիթներով խոստանում են ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացում, մինչդեռ իրականությունն այն է, որ ամբողջ հանրապետության տարածքում սկսվել է անձնագրերի հավաքման գործընթաց:

Ըստ Ռ. Հակոբյանի` բանը հասել է նույնիսկ նրան, որ առանձին դպրոցներում ծնողական ժողովների ժամանակ նախընտրելի թեկնածուի քարոզչություն է տարվում: «Ի դեպ, երեկ երբ տվեցի այդ մարդկանց գնահատականները` հիշելով Գարեգին Նժդեհի հայտնի խոսքն ազգի այդ տեսակի նկատմամբ, ես չհասկացա` ինչո՞ւ պարոն Աբրահամյանն ընդունեց որպես վիրավորանք՝ այդ մարդկանց հասցեին: Այդ գնահատականը Գարեգին Նժդեհն է տվել, որի հետ ես բացարձակ համաձայն եմ: Եթե պրոբլեմ ունեք նրա գնահատականի հետ, կարող եք վերանայել Ձեր դիրքորոշումը»,- նկատեց Ռ. Հակոբյանը:

«Պարոն Հակոբյան, Նժդեհն իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Պարոն Աբրահամյան, Նժդեհը ճիշտ է, որ գնահատականը տվել է, բայց երևի մոռացել է ասել` ո՞վ իրավունք ունի այն պաշտպանելու»,- հակադարձեց Ռ. Հակոբյանը:

Ի դեպ, Ռ. Հակոբյանի բարձրացրած հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ «պատեհ» առիթով հայտարարում է, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին տրված են հստակ հանձնարարականներ: «Եվ այն դեպքերը, որ թվարկեցիք Ձեր հարցում, պետք է իսպառ բացառվեն մեր երկրում, և, եթե մենք հայտնաբերենք որևիցե կոնկրետ դեպք, որ գործադիր իշխանության մարմինն անձնագիր է հավաքում՝ ինչ-ինչ նպատակներով կապելով դա ընտրությունների հետ` այդ մարդիկ խստագույնս պատժվելու են»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս