«Ինչ-որ խաղեր կան սրանց մեջ» (տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ ընթանում է մարմնավաճառության գործով դատավարությունը: Գործով ամբաստանյալներն են Սուսաննա Մարտիրոսյանը և Նարինե Մովսիսյանը, ովքեր մեղադրվում են կավատության մեջ: Գործով տուժող է համարվում Գյումրու բնակչուհի Գայանե Միրզախանյանի դուստրը` Հրանուշ Միրզախանյանը: Շուրջ վեց ամիս ձգվող դատավարությունը հետաձգվում է մեղադրյալի փաստաբան Մելանյա Սարգսյանի չներկայանալու պատճառով:
Այսօր հերթական դատական նիստին չէր ներկայացել արդեն տուժող կողմը, ում փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի բացակայությունը հիմք չէ դատավարությունը հետաձգելու համար: Սակայն դատավարությունը կրկին հետաձգվեց, քանի որ մեղադրյալ Սուսաննա Մարտիրոսյանը հրաժարվեց իր փաստաբանից` պատճառաբանելով, որ նա իր շահերը լավ չի պաշտպանում և անընդհատ առիթներ է ստեղծում այն հետաձգելու համար:
Այս միջնորդությունը առաջացրեց դատավորի զայրույթը, ով որոշում կայացնելու համար կես ժամ ընդմիջում հայտարարեց: Ապա դատարանը հրապարակեց որոշումը. «Փաստաբան Մելանյա Սարգսյանից ընդունել հրաժարական և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից»: Ապա դատավոր Էդուարդ Մանուկյանը հայտարարեց. «Դատարանը գտավ, որ դատական նիստը պետք է հետաձգել և հնարավորություն տալ ամբաստանյալին նոր փաստաբան գտնելու»:
Մանրամասները՝ galatv.am-ի պատրաստած տեսանյութում: