Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն ահազանգում է

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը փետրվարի 6-ի մամլո ասուլիսում ներկայացրել են նախընտրական քարոզչության ընթացքում խախտումների վերաբերյալ արձանագրված փաստերը:

Նշվել է, որ ասուլիսը, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից արձանագրված խախտումների մասին իրազեկում է, այդ թվում՝ նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու ԿԸՀ-ին: Արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը կներկայացվեն ԿԸՀ, որը պարտավոր է իր վերստուգիչ-վերահսկիչ ծառայության միջոցով ֆիքսել այդ ամենը և խախտումները վերացնելու ուղղությամբ որոշում կայացնել եռօրյա ժամկետում:

Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից, մասնավորապես, ստացվել են մի քանի տասնյակ ահազանգեր Երևանից և մարզերից` անձնագրերի տվյալների հավաքագրման կապակցությամբ: Դրանք հավաքագրվում են դպրոցների ուսուցիչներից, մանկապարտեզների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների, պետական հաստատությունների, ՏԻՄ-երի, սուպերմարկետների, խոշոր գործարանների աշխատակիցներից` այդ հաստատությունների ղեկավարության հրահանգով: Պարտադրվում է ներկայացնել ոչ միայն սեփական անձնագրերի պատճենները և/կամ տվյալները, այլև՝ ընտանիքի անդամների:

Կան ահազանգեր կոմունալ վճարների մարման դիմաց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու առաջարկների մասին:

Վարչական ռեսուրսի կիրառման փաստերն արձանագրված են նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 31-ին գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում առաջարկել է Ագարակի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը գյուղի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությունը թույլ տալու համար, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ նման խախտումները համատարած են և որևէ իրական պատիժ չի կիրառվում կարգազանց տնօրենների հանդեպ: Նման խախտումների մասին ահազանգեր են գրանցվել նաև iditord.org կայքում:

Կան մի քանի ահազանգեր նաև դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները և ուսուցիչները բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի օգտին: «Մեր աղբյուրները ցանկացել են մնալ անանուն` մտահոգ լինելով, որ իրենց երեխաներին կարող է սպառնալ վատ վերաբերմունք դպրոցի տնօրինության կողմից: Սա էլ փաստում է երկրում վախի մթնոլորտի առկայության մասին: Որոշ դպրոցների տնօրեններ միջնորդավորված զանգահարում է դպրոցի ուսուցիչներին և հարցնում, թե ում են ընտրելու: Եթե ուսուցիչը պատասխանում է, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին, աշխատանքից ազատվելու սպառնալիքի է ենթարկվել»,-մասնավորապես ասված է թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի, Նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության իրականացման խախտումներ: Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից»:

Ի խախտումն վերը նշված դրույթի, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների վրա: Ըստ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի, դրանք համատարած բնույթ են կրում Երևան քաղաքում` հատկապես Երևանի Շինարարների և Ազատության (Ռայկոմ) փողոցներում գտնվող խանութների վրա, Ապարան քաղաքում` խանութների վրա, այլ բնակավայրերում (այդ թվում Երևան քաղաքի)` խանութների վրա և արգելված այլ վայրերում:

Խախտումների ամփոփագիրը և դրանց վերաբերյալ լուսանկարները տեղադրված են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքում` հետևյալ հասցեով:

Տեսանյութեր

Լրահոս