Պարույր Հայրիկյանի նախընտրական հիմնադրամում շարժ չի եղել

Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից փետրվարի 5-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը:

Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հիմնադրամում նույն օրվա դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում վերջին 5 օրերին ֆինանսական շարժ չի արձանագրվել. մուտքերն եղել են 1 մլն 24 հազար դրամ, որից ծախսվել է 783 հազար 900 դրամ, մնացորդը` 240 հազար 100 դրամ:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն՝ փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ նախագահի թեկնածուներից առավել շատ մուտքեր և ելքեր արձանագրվել են ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամում: Մուտքերը կազմել են 96 մլն 819 հազար 600 դրամ, ելքերը` 59 մլն 639 հազար 490 դրամ, մնացորդը` 37 մլն 180 հազար 110 դրամ:

Ինչպես և նախկինում, առավել փոքր մուտքեր և ելքեր եղել են էպոսագետ Վարդան Սեդրակյանի հիմնադրամում` համապատասխանաբար 700 հազար դրամ և 230 հազար դրամ: Մնացորդը 470 հազար դրամ է:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերն եղել են 60 մլն դրամ, ծախսերը` 56 մլն 401 հազար 880 դրամ, մնացորդը` 3 մլն 598 հազար 120 դրամ:

«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 6 մլն 100 հազար դրամ, ելքերը` 5 մլն 280 հազար 100 դրամ, մնացորդը` 819 հազար 900 դրամ:

«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի հիմնադրամի մուտքերն եղել են 4 մլն 100 հազար դրամ, ելքերը` 4 մլն 91 հազար 260 դրամ, մնացորդը` 8 հազար 760 դրամ:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս