Բաժիններ՝

Չեբուրաշկաներն ու Շապոկլյակները. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր՝ նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ։ Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով՝ կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեք։ Հետևաբար՝ ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ։ Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն։ Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու և, այսպես ասած, դիմակը պատռելու վրա։

Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը՝ չդիմել ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար։ Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխեռած պիտի դաոնար՝ այնքան էլ պարզ չէ։ Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու և Հայրիկյանի՝ «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար։

Հայրիկյանին՝ ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ՝ կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը։ Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ։ Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել։ Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ և հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին։ Ըստ էպոսագետ թեկնածուի՝ նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը։ Նախ՝ կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան։ Երկրորդ՝ ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը և սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը։ Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթև ժանրից» են։

Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»՝ նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են։ Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս