Անդրիաս Ղուկասյանն անալիզներ է հանձնել
ՀՀ նախագահի թենածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանը բժշկական անալիզներ է հանձնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան 168.am-ի հարցին, ասաց Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: «Ղուկասյանն արդեն անցել է բժշկական հետազոտությունները, նա արյան անալիզ է տվել: Արդյունքները դեռ չկան, բայց, կարծում եմ, օրվա ընթացքում կամ գուցե վաղը արդեն հայտնի կլինեն»,- ասաց Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ երեկ Անդրիաս Ղուկասյանին Առողջապահության նախարարությունից են զանգել ու հետաքրքրվել նրա առողջությամբ: Արմեն Գրիգորյանը ենթադրեց, որ հավանաբար նախարարության այս քայլը պայմանավորված է եղել թեկնածուի անալիզներ հանձնելու հանգամանքով:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այսօրվա որոշմանը՝ չդիմել Սահմանադրական դատարան ընտրությունները հետաձգելու պահանջով, Գրիգորյանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վրա տվյալ որոշումը չի ազդել, և թեկնածուն շարունակելու է անժամկետ հացադուլը: «Մենք շարունակելու ենք պայքարը՝ փորձելով հասնել տրամաբանական ավարտին, որից հետո կորդեգրենք պայքարի այլ տարբերակ»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին՝ առողջական վատթարացման պատճառով դառնա ընտրությունների հետաձգման պատճառ, բանախոսն ասաց. «Այս պահին ինքը նպատակ չունի վնասել առողջությանը և դրանով իսկ հետաձգել ընտրությունները: Ղուկասյանը չունի ընտրությունները հետաձգելու նպատակ և չի էլ ունեցել»:
Նա հավելեց, որ առայժմ ինքնաբացարկ հայտնելու մտադրություն թեկնածուն չունի, չնայած չբացառեց առողջական վատթարացման դեպքում այս տարբերակի հավանականությունը: «Եթե նրա առողջությունը վատթարանա, ապա ոչինչ չի բացառվում: Մենք այս պահին չենք կարող ասել, թե ինչ իրավիճակ կստեղծվի»,- մասնավորեցրեց Գրիգորյանը:
Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանն, ըստ որի՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը «ռեալիթի-շոուի է վերածվել», Արմեն Գրիգորյանն ընդգծեց. «Եթե այդպես են մտածում, ուրեմն թող Գալուստ Սահակյանը պաշտոնապես չայցելեր և պաշտոնապես չճանաչեր Ղուկասյանի հացադուլը՝ որպես պայքարի ձև»: