Պ.Հայրիկյան. «Ոչ մի ահաբեկչություն մեզ ուղուց չի շեղի»

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան՝ հետաձգելու նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:  Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձով պայմանավորված՝ ըստ Սահմանադրության, ընտրությունները կարող էին երկշաբաթյա ժամկետով հետաձգվել կամ 40 օրով տեղափոխվել:

Իր հերթին ԻՄ ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը այս որոշումը հիմնավորեց այսպես. «Բոլորի համար պարզ է, որ սա անհաղթահարելի երևույթ է, բայց Պարույր Հայրիկյանը չի ուզում շահարկել իր դիրքը»: Եղնուկյանը նշեց նաև, որ քանի դեռ հանցագործը բացահայտված չէ, Հայրիկյանը կշրջի թիկնապահներով:
Ասուլիսի ընթացքում միանգամայն չսպասված հանկարծ ժամանեց Պարույր Հայրիկյանը: «Ես եկա՝ ցույց տալու, որ ներկա եմ: Ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշում, այլև ֆիզիկապես: Թող բոլորն իմանան, որ ոչ մի ահաբեկչություն մեզ ուղուց չի շեղի: Նրանք ահաբեկչությամբ զբաղվել են տասնամյակներ, և առաջին օրը չէ, որ ինձ փորձում են սպանել: Բայց սպանել փորձում են ոչ թե ինձ, այլ իմ գաղափարները: Ցավոք, ահաբեկիչները բացահայտված չեն, բայց հավատում եմ, որ բոլորս դրա դեմ պայքարելով կբացահայտենք: Գիտեմ, որ ինձ սիրում եք, ես էլ տասնապատիկ ձեզ եմ սիրում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս