Վազգեն Սարգսյանի եղբայրը կսատարի Սերժ Սարգսյանին

Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում, մշակույթի տանը, ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում  ինքը սատարում է Սերժ Սարգսյանի  թեկնածությունը եւ իր համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին:

Լրագրողների զարմանքին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը բացատրեց, որ Սերժ Սարգսյանը գործ է արել եւ այդ գործը կիսատ է մնացել, հետեւաբար կարիք կա նրան գործը ավարտին հասցնելու հնարավորություն տալ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ հատկապես ի՞նչ գործ է արել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանն ասաց. «Լավ բաներ կան, շատ բաներ կան: Որ դուք չեք ուզում տեսնել նրա արած գործը՝ դա ձեր խնդիրն է»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Սարգսյանին հիշեցրեց իր մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի կեցվածքը, ով այս ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, ավելին՝ կարծիք էր հայտնել, թե սա ոչ թե ընտրություն է, այլ տունտունիկ: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ եղբայրը իմ եղբայրն է, ես՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով, ազատություն ստացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հնգամյակում:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս