Միջազգային մամուլը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին

Վերջին օրերին հայկական մամուլի ամենաքննարկված թեման, անշուշտ, ԱԻՄ
առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն է: Մենք փորձեցինք պարզել, թե այս միջադեպն ի՞նչ արձագանք է գտել միջազգային մամուլում: Նշենք, որ, ըստ էության, արտասահմանյան լրատվամիջոցները, որոնք գրել են այս մասին, հիմնականում փորձել են պարզապես արձանագրել դեպքը` առանց քննարկելու կամ վերլուծելու այն:

Հայրիկյանի դեմ մահափորձին է անդրադարձել, օրինակ, բրիտանական «BBC» լրատվականը, որը գրելով 63-ամյա գործչի դեմ կատարված հանցագործության մասին, հիշեցնում է, որ Պարույր Հայրիկյանը եղել է խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի այլախոհներից մեկը և երկար տարիներ է անցկացրել խորհրդային բանտերում` գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու և հակախորհրդային հրապարակումների համար: «Պարոն Հայրիկյանը համարվում է ընտրությունների աութսայդերներից մեկը, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ կհաղթի ընտրություններում»,- գրում է «BBC»-ն:

Միջադեպի մասին է գրում նաև «Russia today» լրատվականը, որը նշում է, թե Հայրիկյանին հիվանդանոցում այցելել են մի շարք պետական և քաղաքական գործիչներ:

Իսկ ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը թեմայի շուրջ զրուցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վլադիմիր Զախարովի հետ, ով կարծիք է հայտնել, որ «մահափորձը հնարավոր է օգտագործել` թեթև վնասվածքը ներկայացնելով որպես ընտրությունները հետաձգելու պատճառ»:

Իսկ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես «Իզվեստիա» հետ զրույցում հիշեցրել է, որ Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն` թեկնածուներից մեկի ժամանակավորապես անգործունյա դառնալու դեպքում ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով, և այժմ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի  այդ թեկնածուի ինքնազգացողությունը:

Նշենք, որ Հայրիկյանին են անդրադարձել նաև այլ ռուսական լրատվամիջոցներ, ինչպես «Аргументы и факты» և «Риа новости» լրատվական գորակալությունները: վերջինս, բացի բուն փաստերի արձանագրությունից, նաև գրում է այն մասին, որ որոշ փորձագետներ «զգուշաբար ակնարկում են, թե ընտրությունների հետաձգման սցենարը կարող էր ձեռնտու լինել միայն մեկ մարդու` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»:

«Նա, հինգ տարով իշխանությունը զիջելով իր զինակից Սերժ Սարգսյանին, չէր թաքցնում, որ իր հեռանալը ժամանակավոր է»,- գրում է «Риа новости» գործակալությունը:

Հետաքրքրական է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին անդրադարձել է նաև թուրքական «Հուռիեթ» թերթը, որը կրկին մեջբերել է հայ գործիչների` օրինակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքները` դեպքի վերաբերյալ:

«Հայրիկյանը խորհրդային տարիներին եղել է այլախոհ: Նա առաջին անգամ ձերբակալվել է, երբ ընդամենը 20 տարեկան էր, և դատապարտվել է 4 տարի ազատազրկման, իսկ այնուհետև ստացել է ևս 2 տարի: Երբ 1987 թ. Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը սկսեց իր լիբերալ բարեփոխումները, Հայրիկյանը հիմնադրեց իր Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը: Իսկ երբ հաջորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկվեց հակամարտություն, նա մեղադրեց խորհրդային իշխանությանը բռնություն հրահրելու մեջ և այդ պատճառով աքսորվեց երկրից: Սակայն շուտով Հայրիկյանը վերադարձավ իր հայրենի երկիր և 1990-ականներին ստանձնեց ղեկավար պաշտոններ Հայաստանի խորհրդարանում և կառավարությունում»,- գրում է թուրքական «Հուրիեթը»:

Տեսանյութեր

Լրահոս