Պարույր Հայրիկյանի հարևանուհին` դեպքի մասին

Երևանի Տպագրիչների 9 շենքի բնակիչներից ոմանք դեռ հիշում են իրենց հարևանի` Ինքնորոշում Միավորում կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի օրը: Շենքի առաջին հարկի հարևաններից տիկին Սեդան 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրն ինքը և իր ընտանիքի անդամները տանն են եղել:

«Տանն ենք եղել, լսել ենք, միանգամից դուրս ենք եկել, բայց Պարույր Հայրիկյանն արդեն այստեղ պառկած էր (մատնացույց է անում շենքի աստիճանները.- Մ.Մ.): Խառնվել էինք իրար, փորձում էինք օգնել, շտապ օգնություն կանչեցինք»,- պատմեց Պ. Հայրիկյանի հարևանուհին, ում խոսքով` Պ. Հայրիկյանը կիրթ և բարեհամբույր հարևան է: Ի դեպ, նշենք, որ  Պ. Հայրիկյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հարցազրույցում դժգոհել էր միայն մեկ հարևանից` ասելով, որ դրան ինքը դեռ կանդրադառնա:

168.am-ի հարցին, թե ո՞վ է Պ. Հայրիկյանի  այդ հարևանը, ումից դժգոհել էր, տիկին Սեդան պատասխանեց. «Ճիշտն ասած, էդ մարդն էստեղ չի ապրում: Էստեղ լուսամուտը փակելու պրոբլեմն էր, չէր ուզում, որ փակեինք լուսամուտը: Էդ հարևանն անցած տարի ա տուն առել մեր շենքում, բայց չի ապրել էստեղ: Լինում են, չէ՞, սկանդալային դեմքեր, էդ հարևանն էդպիսին էր: Ընդ որում` իր հարկում իր համար պատուհան սարքած ա»: Այնուհետև հարևանուհին անդրադառնալով կատարված դեպքին` ասաց. «Անողը ոչ խելք է ունեցել, ոչ մարդկային բան: Չգիտեմ` ի՞նչ ա մտածել էդ պահին»: Իսկ հարցին, թե առաջին հարկում բնակվելով` լսե՞լ է կրակոցի ձայնը, տիկին Սեդան պատասխանեց. «Հա, ես լսել եմ` երկու կրակոցի ձայն եմ լսել, բայց խուլ ձայն էր, ու ինձ թվաց, թե էրեխեքը պետարդա էին պայթեցնում: Դրան ուշադրություն էլ չեմ դարձրել, ուղղակի իր օգնության ճիչի վրա ենք դուրս եկել»: Հարցին, թե արդյոք Պ. Հայրիկյանը մշտապես այդ շենքո՞ւմ է բնակվել (այս օրերին բազմիցս նշվել է, որ նա վերջին տարիներին բնակվում էր Դավիթաշենում գտնվող իր սեփական տանը), հարևանուհին պատասխանեց. «Մենք, 11 տարի է` էստեղ ենք ապրում, մեր գալուց  երևի մի 2 տարի առսջ էլ ինքն էր էստեղ ապրում»:

Պ. Հայրիկյանի` առաջին հարկի հարևանը  հրաժարվեց զրույցից` նշելով, որ այդ թեմայով ամենալավը կարող է պատմել Պարույր Հայրիկյանը: Հարևան մուտքի բնակիչներից մեկն էլ նշեց, որ այդ օրն ինքը քնած է եղել և տեղյակ չէ կատարվածի մասին:

Նշենք, որ Պ. Հայրիկյանի բնակարանի շենքի մոտ կանգնած է ոստիկանական ավտոմեքենա, որը հսկում է շենքի, այսպես ասած, ելումուտը:

Տեսանյութեր

Լրահոս