Սերժ Սարգսյանը փոխել է քարոզարշավի տրամաբանությունը

Ես առիթ եմ ունեցել մասնակցել նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավներին։ Երկու օր անընդմեջ հնարավորություն ունեցա մասնակցել նաև Սերժ Սարգսյանի երկրորդ նախընտրական քարոզարշավին։ Ուզում եմ խոսել նախորդ քարոզարշավների և այս քարոզարշավի մի քանի տարբերությունների մասին։

Մյուս նախկին քարոզարշավների ժամանակ իշխանության թեկնածուներն ապագա ընտրողների հետ շփվում էին բաց և հրապարակային։ Այդ նպատակով նախկին շրջկենտրոնների կենտրոնական հրապարակներում հավաքվում էր հսկայական հանրություն. քաղաքապետերն ու գյուղապետերը կոնկրետ իրենց վրա դրված պլանով այդ տարածքում էին հավաքում մարդկանց, որպեսզի նախընտրական հանդիպումը հնարավորինս բազմամարդ ու տպավորիչ ստացվի։ Բազմամարդությունն ապահովվում էր նաև դպրոցականների հաշվին, ովքեր, թեև ընտրելու իրավունք չունեն, բայց դպրոցի տնօրենների ու մանկավարժական կոլեկտիվների հետ բավական մեծ թիվ են ապահովում նման միջոցառումների համար։

Սերժ Սարգսյանը, ով 2008թ. իր քարոզարշավը կազմակերպել էր նույն տրամաբանությամբ, այս ընտրություններում որոշել է հիմնականում հրաժարվել հրապարակային հանդիպումներից։ Հանդիպումները տեղի են ունենում դահլիճային պայմաններում, որտեղ հավաքվում է մի քանի հարյուր մարդ։ Հիմնականում տվյալ տարածքի չինովնիկությունն է, գյուղապետեր և պաշտոնյաներ։ Հանդիպման մասնակիցներն ընտրված և ստուգված մարդիկ են, ում անունները գրված են ցուցակներում, և հանդիպման մասնակիցներին ներս են թողնում միայն անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։ Ստացվում է, որ ոչ բոլոր ցանկացողները կարող են հանդիպել նախագահի թեկնածուի հետ։ Բայց իրականում Սերժ Սարգսյանի նոր մարտավարության մեջ կա հումանիզմի և մարդասիրության ակնհայտ դրսևորում, որը չի կարելի չտեսնել։ Նա չի ստիպում հարյուրավոր և հազարավոր գյուղացիների, ուսուցիչների, դպրոցականների և էլի բազմաթիվ մասնագիտությունների և զբաղմունքի տեր մարդկանց՝ կտրվել իրենց առօրյա հոգսերից և գործերից, մասնակցել մի միջոցառման, որն իրենց չի հետաքրքրում, և որտեղ իրենք ներկա են՝ որպես դեկորացիա։

Բայց, ի տարբերություն մինչև այժմ իշխանության թեկնածուների նախընտրական հանդիպումների, որտեղ նախ հնչում էին նախագահին ուղղված գովեստի ու մեծարանքի խոսքեր, որից հետո ելույթով հանդես էր գալիս նախագահի թեկնածուն, որով հանդիպումն ավարտվում էր, այս անգամ Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներն անցնում են բավական հետաքրքիր և արդյունավետ։ Սերժ Սարգսյանը մի փոքր ներածական խոսք է ասում, որից հետո հարցեր տալու և արտահայտվելու հնարավորություն են ստանում հանդիպման մասնակիցները։ Ճիշտ է, այդ ժամանակ էլ են խոսք խնդրում մարդիկ, ովքեր շնորհակալություն են հայտնում Սերժ Սարգսյանին, որ այցելել է իրենց շրջան, որ նրա պաշտոնավարման օրոք կառուցվել են շենքեր անօթևանների համար, և իրենք իրենց ձայնն անվարան տալու են նրան, և էլի նման խոսքեր։ Բայց ավելի հաճախ հանդիպման մասնակիցները բարձրացնում են կոնկրետ խնդիրներ։

Օրինակ, Սպիտակում տեղի բժշկական կենտրոնի տնօրենը Սերժ Սարգսյանին ասում է, որ գնումների աջակցման կենտրոնի գործունեության արդյունքում հիվանդանոցները ստանում են անորակ դեղորայք, որը ոչ մի կերպ պիտանի չէ օգտագործման։ Բժշկական կենտրոնի տնօրենն առաջարկում էր նախագահ Սարգսյանին՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որը հնարավորություն կտա ավելի որակյալ դեղորայք մատակարարել հիվանդանոցներին։ Կամ, նույն Սպիտակում համայնքապետերը բողոքում էին, որ կան երկրաշարժից տուժած և վթարային համարվող բնակարաններ, որոնց սեփականատերերն ընդգրկված չեն փոխհատուցում ստացողների ցանկում, միայն այն պատճառով, որ այդ բնակարանները համարվում են երրորդ կարգի, թեև գրված է, որ դրանցում արգելվում է բնակվել։ Եվ Սերժ Սարգսյան տեղեկանալով, որ խոսքն ընդամենը 30 բնակարանների մասին է, խոսք է տալիս, որ այդ խնդիրը կլուծվի։

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները գյուղական շրջաններում ավելի անմիջական են և առանց ավելորդ բեմականացման։ Նախորդ քարոզարշավների ժամանակ գյուղական հանդիպումները հատուկ բեմականացվում էին, որի սցենարիստները մարզպետներն էին, իսկ ռեժիսորը՝ համայնքապետերը։ Այդ ներկայացումների անբաժան տարրը ծեր տատիկներն ու պապիկներն էին, ովքեր մոտենում էին նախագահի թեկնածուին, համբուրում նրան, շնորհակալություն հայտնում իրենց գյուղ այցելելու համար ու իրենց մայրական կամ հայրական օրհնանքն էին բաշխում նախագահի թեկնածուին։ Հետո այդ սրտաճմլիկ կադրերը պտտում էին հեռուստաընկերություններով՝ ցույց տալու համար, թե հասարակ ժողովուրդը որքան է սիրում և համակրում նախագահին։ Պարզ էր, որ այդ տատիկն ընդամենը 5 հազար դրամ էր ստացել նման դեր կատարելու համար, կամ էլ, եթե գյուղապետը մի քիչ «քծիպ» էր լինում, այդ գործն անում էր տնավարի՝ իր մոր միջոցով։

Ակնհայտ է, որ այս ընտրարշավի ժամանակ որոշել են հրաժարվել բեմականացված ներկայացումներից և դերասաններից։ Սերժ Սարգսյանը մոտենում է պատահական կանգնած գյուղացիների և սկսում հարցուփորձ անել նրանց կյանքից։ Ի տարբերություն թատերականացված հանդիպումների՝ պատահական գյուղացիները բողոքում են իրենց կյանքից, արտագաղթից, աշխատատեղերի բացակայությունից, թանկությունից։ Գուցե դրանից, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում. աշխատատեղեր չեն բացվում, կամ ապրանքները չեն էժանանում, բայց փաստ է, որ նախագահի թեկնածուն տեսնում և լսում է, թե իրականում ինչ պայմաններում են ապրում մարդիկ, այն մարդիկ, ում նախագահն է եղել ինքը հինգ տարի։ Համենայն դեպս, այդ մարդիկ տուն գնալով՝ չեն զզվում իրենք իրենցից, որ կեղծավոր ու զզվելի դեր են կատարել՝ հանուն հինգ հազար դրամի, այլ կարող են հպարտ լինել, որ նախագահի երեսին ասել են այն, ինչ մտածում են։

Պետք է ասել, որ փոխվել են նաև մարդիկ։ Եթե նախկինում իշխանությունից դժգոհ ժողովուրդն ամեն կերպ փորձում էր շողոքորթել իշխանավորներին, նույնիսկ՝ առանց դերի և վարձատրության, նրանց բարեհաճությունը ստանալու կամ ավելորդ գլխացավից խուսափելու համար, հիմա մարդիկ ավելի ազատ են դարձել և իրենց խնդիրների մասին խոսում են բաց ու հրապարակային։ Իսկ նրանց, ովքեր փորձում են շողոքորթել՝ կանխում են միանգամից։ Գյուղերից մեկում գյուղացիներից մեկը դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասում է. «Պարոն նախագահ, մեր մեծապատիվ շնորհակալությունն ենք հայտնում ձեզ, որ ժամանակին ստանում ենք մեր թոշակները»։ Դրան ի պատասխան՝ մի քանի համագյուղացիներ բողոքեցին, որ դրանով հնարավոր չէ ծայրը ծայրին հասցնել։ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը տեղյակ է, որ թոշակները ցածր են, և անպայման բարձրացնելու են։ Թե ե±րբ կբարձրացնեն կամ ի±նչ չափով՝ դժվար է ասել, մարդիկ մտածեցին, որ իրենք կարողացան իրենց խնդիրը ներկայացնել նախագահին։

Ընդհանրապես այս անգամ Սերժ Սարգսյանը կոտրեց այն պատկերացումը, որ նախագահը բոբո է, որից պետք է վախենալ և հնարավորինս հեռու մնալ, որի հետ հնարավոր չէ որևէ մարդկային շփում։

Հայաստանի գյուղերում և քաղաքներում հասկանում են, որ Սերժ Սարգսյանը հաջորդ ժամկետում էլ է դառնալու նախագահ։ Այս իրողությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, նույնիսկ նրանք, ովքեր մտադիր չեն նրա օգտին քվեարկել կամ ընդհանրապես մտադիր չեն մասնակցել ընտրություններին։ Բայց նույնիսկ այդ մարդիկ մի բան են ուզում. որ իշխանությունը հասկանա և պատկերացնի, թե ինչ պայմաններում են իրենք ապրում։ Մարդիկ մտածում են, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանն իրական պատկերացում ունենա իրենց կյանքի ու կենցաղի մասին, դրանից անպայման ինչ-որ բան կփոխվի դեպի լավը։

Տեսանյութեր

Լրահոս