Սուրեն Սուրենյանցը բողոքը հետ կվերցնի
«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով հունվարի 26-ին «Կալիբր» գարեջրատան տնօրենի կողմից ծեծի էր ենթարկվել, երկուշաբթի օրը բողոքը հետ կվերցնի:
«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում Սուրենյանցը նշեց, որ հանդիպել է «Կալիբր» գարեջրատան տնօրենի հետ, խոսել և հասկացել են միմյանց: «Իմ կարծիքով հանդուրժողականությունը և միմյանց հասկանալը շատ ավելի ճիշտ է, քան անիմաստ քաշքշուկների մեջ մտնելը»,- ասաց Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել գարեջրատանը, կենցաղային հարցի շուրջ Սուրենյանցը վիճել է «Կալիբր» գարեջրատան տնօրենի հետ: Վեճը ավելի ուշ շարունակվել էր «Արևելյան Խոհանոց»-ում՝ վերաճելով ծեծկռտուքի:
Նկատի ունենալով, որ ծեծկռտուքը շարունակվել է «Արևելյան Խոհանոց»-ում, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում, Կենտրոնի ոստիկանությունից դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը փոխանցվել էին Արաբկիրի ոստիկանությանը:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն ծեծը համարվում է մասնավոր գանգատի գործ և հարուցվում է «ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա է կարճման»: