Կարո՞ղ էր արդյոք Ադիբեկյանը կրակել Հայրիկյանի վրա

Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած հարձակման առնչությամբ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարբեր վարկածներ թվարկեց, որոնցից նաև հավանական համարեց նախագահական ընտրություններում «մրցակցային խանդը»: Հարցին, թե՝ որքանո՞վ է հավանական ձեր հնչեցրած վարկածը, երբ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ճանաչելիությամբ միայն չորրորդ տեղում էր՝ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից և Հրանտ Բագրատյանից հետո, Ադիբեկյանը պատասխանեց. «Կարող է՝ քիլլեր է եղել, բայց ձեռագրով կարող է պրոֆեսիոնալ չի եղել: Ձեռքի ատրճանակից կրակողը գիտի, որ 30 մետրից կրակելն արդեն պրոբլեմային է, որովհետև փամփուշտն ուղիղ չի գնում, այլ պտտվելով: Ես լավ կրակող եմ համարվել ծառայության ժամանակ, գիտեմ՝ 30 մետրից 27 բալ եմ հավաքել 30-ից: 500 մետրից ավտոմատ Կալաշնիկովով ցանկացած թիրախ խփել եմ, որովհետև տեսողությունս լավ է եղել, ձեռքս երբեք չի դողացել: Իսկ պրոֆեսիոնալ քիլլերը, 2 կամ 10 մետրից չկարողանա գլխին կպնել… արդեն անհասկանալի բան է: Եթե ուզենային սպանել՝ պրոբլեմ չէր կարող լինել: Ուզենային թեթև վիրավորե՞լ՝ այսքան աղմուկ չէին ստեղծի, կանեին մի հարված, որ մահացու չլիներ, բայց մահվան հավանականությունը պահեր: Կարծում եմ՝ չարամտություն կա՝ խաշն անմարսելի դարձնել: Հասան Պապուն սպանեցին 300 մետրի վրա, չէ՞»:

Լրագրողներից մեկն Ադիբեկյանի այս մանրամասնություններին ի պատասխան՝ նկատեց. «Պարոն Ադիբեկյան, հնարավոր չէ՞, որ, ասենք, Դուք եք մահափորձը կազմակերպել»: Սոցիոլոգը, թե՝ «Դրա համար գումար է պետք, որը ես չունեմ:»

Դիտարկմանը, թե գուցե անձա՞մբ եք կրակել, սոցիոլոգը հումորով պատասխանեց. «Կարող ա, կարող  ա: Բայց ատրճանակ առնելու գումար պետք է ունենաս: Դրանք թափված չեն, որ կարաս հարյուր դրամ տաս… Փող ա պետք: Հետո մեկը պետք է հետևի, որ իմանա մարշրուտները ոնց ա: Գոնե մի հինգ-վեց մեքենա պետք է լինի, որ կարողանան հետևեն, իրար հետ խոսեն՝ գնաց, եկավ, ֆիքսեց ժամանակը…»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց Ադիբեկյանն այդքան մանրամասներ գիտի սպանությունների կազմակերպման մասին: «Սոցիոլոգն ու մշակութաբանը պարտավոր են ամեն ինչ իմանալ»,- պատասխանեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք գումար ունենալու դեպքում կկրակեի՞ք Հայրիկյանի վրա, Ադիբեկյանն ասաց. «Ես մարդասպանի նմա՞ն եմ: Խոսքով կարելի է ավելի հեշտ սպանել, քան ատրճանակով»:

Տեսանյութեր

Լրահոս